ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.02.2023 11:38
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 13.02.2023-20.02.2023թթ.

2023 թվականի փետրվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 20 հաղորդում:
Բացահայտվել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 2 և խարդախության 1 դեպք:
Ավազակային հարձակման 1 դեպք է արձանագրվել Մարտակերտի շրջանում: Փետրվարի 19-ին ժամը 02:50-ին Վ.Հոռաթաղ գյուղի 41-ամյա բնակչուհին ոստիկանություն է դիմել, որ անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել իր առանձնատուն և դանակի սպառնալիքով գումար պահանջել:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը նույն օրը ժամը 01:10-ի սահմաններում կատարել է Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ա.Մ.-ն: Վերջինս ձերբակալվել է
Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ շրջանային բաժինների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է 2 դեպք:
Փետրվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում թունավորման 3 դեպք է արձանագրվել, տուժել է 5 քաղաքացի: Թունավորումների հիմնական պատճառ է հանդիսացել տան բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչ սարքերից ու ջեռուցող համակարգերից արտանետված շմոլ գազը: ՆԳ նախարարությունը հորդորում է բնակիչներին՝ պահպանել գազից և էլեկտրասարքավորումներից օգտվելու անվտանգության կանոնները:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 3 պատահար, բոլորը նյութական վնասով: Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 12 վարորդ, 6-ը եղել է անսթափ վիճակում, 20 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
ՆԳՆ ծառայողները շարունակում են որոնել Մաքսիմ Աշոտի Վարդանյանին (ծնված 1936թ., հաշվառված Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում, բնակվում է Ստեփանակերտ քաղաքի Մ. Սպարապետ 1 հասցեում): Վերջինս փետրվարի 14-ին ժամը 10:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ` խնդրում ենք զանգահարել ոստիկանություն կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Շրջափակման պայմաններում ներքին կայունության ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն:
Հետադարձ կապ՝ 1-02, /047/94-02-07