Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.03.2024 Արխիվ



ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի ______________ _____-ի

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

N _____ - Ա

ՈՐՈՇՈՒՄ

        Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 32-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարութունը որոշում է.

         1.Հավանություն տալ ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

         2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելիս Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Արցախի Հանրպետության ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանին:

  «Հաստատում եմ»

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                       Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2020թվականի ___________ ___

ք. Ստեփանակերտ

 ՆԱԽԱԳԻԾ 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի նոյեմբերի 30-ի ՀO-175 oրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.

 «Հոդված 3.1. Ոստիկանության խորհրդանիշները

 1. Ոստիկանության խորհրդանիշներն են դրոշը և զինանշանը։

2. Դրոշի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրա նկարագրությունը հաստատում է Արցախի Հանրապետության Նախագահը:

3. Զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրա նկարագրությունը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 5. Ոստիկանության գործունեությունը և մարդու անձեռնմխելիության երաշխիքները

 1. Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ոստիկանությունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև օրինական շահերը` անկախ նրա սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

2. Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու արժանապատվությունը, կյանքի, պատվի ու բարի համբավի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելը պատժվում է օրենքով:

3. Ոստիկանության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում:

4. Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը:

5. Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր: Ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության և մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևերը հաստատում է ոստիկանության պետը:

6. Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, անձնական ազատությունից զրկելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում, տեղյակ պահել նրանց ընտրած անձանց կամ նրանց հարազատներին, իսկ նրանց բացակայության դեպքում` աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին` նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկվում նրանց բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:

7. Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Ոստիկանությունն իրավասու չէ հավաքելու, պահելու, օգտագործելու և տարածելու մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

9. Ոստիկանության կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև իրավաբանական անձանց անձնական տվյալներ փոխանցվում են օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում: Ոստիկանությունն ապահովում է էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար՝ իրենց լիազորությունների շրջանակում տեղեկատվությունն օգտագործելու նպատակով, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ պարունակող շտեմարանների, որոնցում ներառված տեղեկությունները կարող են տրամադրվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Ոստիկանությունում խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի նախականխումը

  . Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորվում են տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հարցաքննությունները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները ոստիկանությունում պահպանվում են երեք ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ երկու տարի:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրություններն ու տեսաձայնագրությունները տրամադրվում են՝

1) հարցաքննված անձին, ինչպես նաև նրա ներկայացուցչին.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին.

3) Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում.

4) ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին:

5. Նախնական քննության տվյալներ պարունակող տեսաձայնագրությունները (տեսագրությունները) տրամադրվում են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ միայն վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությունն ստանալու պարտականությունը կրում է ոստիկանությունը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված անձանց տեսաձայնագրությունները (տեսագրությունները) տրամադրվում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված ժամկետներում:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրություններն ու տեսաձայնագրությունները սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված անձանց կարող են տրամադրվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում:

8. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները) տեսաձայնագրող համակարգերով կահավորված լինելու դեպքում արգելվում է հարցաքննությունների իրականացումը տեսաձայնագրող համակարգերով չկահավորված այլ տարածքներում (աշխատասենյակներում):

9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով իրականացվող տեսաձայնագրությունները հարցաքննության արդյունքների քրեադատավարական ամրագրման ձև չեն հանդիսանում և քրեական գործի նյութերին չեն կցվում:

10. Սույն հոդվածով նախատեսված նպատակների համար ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը, տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահպանման, օգտագործման կարգը, ինչպես նաև տեսագրմանն առցանց հետևելու, տեսագրություններին և տեսաձայնագրություններին հասանելիություն ունեցող ոստիկանության ծառայողների շրջանակը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:»:

 Հոդված 4. Օրենքի 6-րդ, 9-րդ, 29-րդ, 31-րդ, 32-րդ և 42-րդ հոդվածներում «պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պետ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:

 Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «Ստեփանակերտի քաղաքային» բառերը փոխարինել «Ստեփանակերտ քաղաքի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդությամբ, հարբեցողությամբ կամ թմրամոլությամբ, ինչպես նաև հանրության համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան հիվանդությամբ տառապող կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող անձանց օրենքով սահմանված կարգով հետազոտելու կամ հոսպիտալացնելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ: Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Oրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.

«Հոդված 10.1. Ոստիկանության պարտականություններն օրենքով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս

  1. Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող և այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության և (կամ) գույքի պաշտպանությունն ապահովելիս ոստիկանությունը պարտավոր է՝

1) համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ՝ իրականացնել պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը, պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորել հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխել նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները.

2) պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման համար նրան տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև նրան հայտնել սպասվող վտանգի մասին.

3) պաշտպանվող անձին ժամանակավոր կամ մշտապես փոխադրել բնակության այլ վայր:»:

 Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացք» բառից հետո լրացնել «, պահպանել հանցագործության դեպքի վայրը» բառերով:

 Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «(դատարանների միջնորդությամբ)» բառերից հետո լրացնել «` միջոցներ ձեռնարկելով հասարակական կարգի խախտումները նախականխելու, կանխելու և խափանելու ուղղությամբ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Ոստիկանությունում  տեղամասային տեսուչների աշխատանքների կազմակերպման կարգը, ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը, ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների իրականացման ծախսերի նորմատիվները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝

1) «ա» ենթակետը «հետախուզական» բառից հետո լրացնել «աշխատանքներ» բառով.

2) «գ» ենթակետի «ուղեկցում» բառը փոխարինել «, ուղեկցում և պահպանում՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.» բառերով:

 Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Արցախի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձևը) հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ստեղծել և վարել Արցախի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Արցախի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու, դրա կազմավորման և վարման կարգը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

  Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) վերնագրի «պարտքը կատարելիս» բառերը փոխարինել «կարգը պահպանելիս» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունը) ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում 

օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրելու և տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով: Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների և հասարակական կարգի խախտումների քանակը և դրանց հանրորեն վտանգավոր բնույթը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: Մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում, կամ սեփականատիրոջ տեխնիկական միջոցներին ոստիկանության համար հասանելիությունն ապահովվում է սեփականատիրոջ համաձայնությամբ` նրա հետ կնքված պայմանագրով:

Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձևով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի: Սույն մասով նախատեսված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել:

Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:

Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:

Տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից 7 օր հետո: Տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ տարաժամկետվում է, եթե`

1) տեխնիկական միջոցներով հայտնաբերվել կամ ամրագրվել է հանցագործության դեպք կամ հասարակական կարգի (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության) խախտում.

2) անձանց կողմից բողոքարկվել են ոստիկանության ծառայողների գործողությունները, կամ ոստիկանության ծառայողի կողմից թույլ տրված իրավախախտման մասին լրատվության միջոցի հաղորդման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն.

3) անձինք իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով դիմել են ոստիկանություն:

Տեսանյութերը կամ լուսանկարները կարող են օգտագործվել հանցագործությունների կամ հասարակական կարգի խախտումների դեպքերի քննության, ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ բողոքները քննելու, անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, հասարակական հնչեղություն ստացած դեպքերով ոստիկանության ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության ավարտից հետո վերջինիս վերագրվող կարգապահական խախտման դեպքի կամ խախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հրապարակայնացնելու նպատակով` առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:

Տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելը (այդ թվում` հրապարակելը) արգելվում է:

Եթե տեխնիկական միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները ոստիկանությունում պահվում են մինչև հանցագործության կամ հասարակական կարգի խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները պահվում են մինչև անձի խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնումը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

Անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները ծանոթացվում կամ տրամադրվում են աջակցության խնդրանքով ոստիկանություն դիմած անձին` այլ անձանց տվյալներն ապանձնավորելուց հետո` աջակցության համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:

Տեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցներ օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:»:

 Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «առողջությանը» բառից հետո լրացնել «վնաս» բառով:

  Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 Հոդված 17. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով:

 Հոդված 18. Ոստիկանության վարչական շենքերի մուտքերն ու ելքերը, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության համար օգտագործվող բոլոր տարածքները (աշխատասենյակները) համապատասխան տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով պետք է կահավորված լինեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

 Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                            Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կիրարկմամբ պայմանավորված՝ «Ոստիկանության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված չեն պաշտպանության ենթակա անձանց և նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կարգի ու պայմանների ընթացակարգերը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ԱՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում իրավասու է հավաքելու մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ: Անհրաժեշտ է տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկությունների պահպանման և հետագա օգտագործման վերաբերյալ առկա օրենսդրական բացերի վերացում:

Գործող օրենսդրությամբ՝ հետաքննության մարմիններից դեպքի վայրի պահպանության պարտականություն օրենքով դրված է նաև Արցախի Հանրապետության ոստիկանության վրա և նկատի ունենալով, որ դեպքի վայրի պահպանման կանոնները կազմակերպաիրավական բնույթի հարաբերություներ են, ուստի դրանք պետք է կարարգավորվեն ենթաօրենսդրական ակտով:

Նշված իրավակարգավորումները հստակեցնելու, ինչպես նաև մի շարք նոր ընթացակարգեր, պայմաններ և սահմանափակումներ սահմանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել  «Ոստիկանությունում մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվում է՝

1. օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը, որի համար նախևառաջ անհրաժեշտ է «Ոստիկանության մասին» օրենքով սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը.

2. խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը.3. հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ` միաժամանակ սահմանելով պարտադիր նախազգուշացման եղանակները, տեսանյութերը կամ լուսանկարները պահելու առավելագույն ժամկետները, ինչպես նաև նախատեսելով տեսանյութերը կամ լուսանկարները, օրենքով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով օգտագործելու արգելք.

4. հստակեցվում է ոստիկանության, որպես  հետաքննության մարմնի՝ դեպքի վայրի պահպանության ոլորտում կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունները:3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

 Նախագծի ընդունումը ոստիկանությանը հնարավորություն կտա ապահովել օրինականության բարձր մակարդակ հանցագործությունների դեմ պայքարի և հասարակական կարգի, այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառներում: Մասնավորապես, առաջարկվող լրացումների արդյունքում օրենքի մակարդակով կհստակեցվեն տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկությունների պահպանման նվազագույն և առավելագույն ժամկետները, կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ պարտադիր նախազգուշացման պարտականությունը և նախազգուշացման ձևերը, կապահովվի տեղեկությունների հավաքման և օգտագործման նպատակի լեգիտիմությունը, այսինքն` կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: