ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.08.2023 16:40
Ոստիկանության մայոր Դավիթ Դանիելյանն այսօր կդառնար 43 տարեկան

2023 թվականի մարտի 5-ին Շուշիի շրջանի «Խայփալու» կոչվող տեղանքում, ոստիկանական հերթափոխի ժամանակ ադրբեջանական զինուժի անտառում դարանակալված դիվերսիոն խմբի ներթափանցման և հարձակաման հետևանքով զոհված, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանն այսօր կդառնար 43 տարեկան:
Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանի գլխավորությամբ, համակարգի մի խումբ ծառայողներ այսօր այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Դավիթի շիրիմին և զորակցություն հայտնել Դանիելյանների ընտանիքի հարազատներին:
Դավիթը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում: 2004-2006 թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
2008 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտություն բաժինը՝ ստանալով նաև մագիստրոսի կոչում:
2010 թվականին ծառայության է անցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: 2019 թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
Ծառայության ընթացքում Դավիթ Դանիելյանն արժանացել է մի շարք խրախուսանքների:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 5–ին՝ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. փոխգնդապետ՝ Արմեն Բաբայանը, մայոր՝ Դավիթ Դանիելյանը և լեյտենանտ՝ Արարատ Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում: