ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.02.2023 11:42
Փետրվարի 20-ը Արցախի Վերածննդի օրն է

Սիրելի՛ հայրենակիցներ
35 տարի առաջ` փետրվարյան այս օրը, հաղորդակից լինելով Արցախի ժողովրդի արդարացի պահանջին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհուրդն ընդունեց իրավացի և արդար որոշում: Խորհրդային իրականության ժամանակ այն միանշանակ չընդունվեց: Սակայն, բեկումը անշրջելի էր:
Քանի որ որոշումը ազատության, ինքնորոշման իրավունքի պահանջ էր, ոչ մի ճնշում ի վիճակի չեղավ զսպել այն ոգին, որ թևածում էր Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում: Արցախում ծայր առած շարժումը կարճ ժամանակում դարձավ համահայկական և տարածվեց մայր Հայաստանում ու Սփյուռքում:
Պատմական որոշումն ընդունելուց շատ չանցած՝ Բաքվում, Սումգաիթում և ադրբեջանական հայաշատ այլ բնակավայրերում 88-ի փետրվարի 27-ից -28-ը տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդերն ու սպանությունները: Դա ղարաբաղյան հիմնահարցի լուծման ադրբեջանական տարբերակն էր:
Կոտորածներին զուգահեռ Արցախը հայտնվել էր շրջափակման օրեցօր սեղմվող օղակի մեջ: Սակայն ոչինչ չկոտրեց բռունցք դարձած ժողովրդի կամքը:
Մեր հարգանքն ու խոնարհումը հայրենիքի բոլոր այն նվիրյալների հիշատակի առաջ, ովքեր անմահացան հայրենիքի անկախությունն ու մեր ազատությունը պահելու համար:
Այսօր էլ՝ 35 տարի անց, հայրենիքի պաշտպանության մեր արդար պայքարը շարունակվում է: Իսկ մենք սխալվելու և մեր ժողովրդին հուսախաբ անելու իրավունք չունենք:
Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
***