ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.01.2018 11:27
ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ճանապարհային ոստիկանության վարչության 2017թ. ծառայողական գործունեության արդյունքները
Սույն թվականի հունվարի 17-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում ամփոփվեց 2017թ. ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությունը ղեկավարում էր ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Մասնակցում էր ճանապարհային ոստիկանության անձնակազմը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում գրանցվել է 77 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել` 89 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 61 պատահարի, 11 զոհի և 69 վիրավորի դիմաց: Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 16-ով, զոհերի քանակը 5-ով, իսկ վիրավորների թիվը` 20-ով:
Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված պատահարներից 11-ը՝ տեղի է ունեցել անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 13-ը՝ արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 32-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 5 դեպք գրանցվել է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, 1 դեպք` հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտման, 1 դեպք` ղեկին քնելու, 20-ական դեպք՝ վազանցի կանոնների խախտման և տրանսպորտային միջոցների անսարքության պատճառով¸ 1-ական դեպք՝ նշանների և գծանշումների պահանջների անտեսման ու մարդկանց փոխադրման կանոնների խախտման պատճառով և 8 դեպք՝ հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման պատճառով։
ԱՀ ոստիկանության պետը¸ ըստ շրջանների մեկ առ մեկ վերլուծելով և հրապարակելով արձանագրած ցուցանիշները¸ բավարար գնահատեց ճանապարհային ոստիկանության 2017թ. ծառայողական գործունեության արդյունքները և ճանապարհատրանսպորտային պատահարներ ծնող պատճառների ու պայմանների իսպառ բացառման նպատակով մի շարք ուղղություններով հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։
«Մեր նպատակը ոչ թե վարչական իրավախախտումների հայտնաբերումն է¸ այլև երթևեկության անվտանգության անշեղ ապահովումը¸ ուստի հանձնարարում եմ իրականացնել շրջիկ ծառայություն¸ նախապատվությունը տալ վարորդներին և հետիոտներին բարձրախոսով զգուշացնելուն և անաչառ գտնվել բոլորի հանդեպ»։
Ոստիկանության պետը հանձնարարեց նաև ակտիվացնել բացատրական և քարոզչական աշխատանքները անվտանգության ամրագոտիների պարտադիր կիրառման¸ ինչպես նաև ճանապարհը հետիոտնային անցումներով հատելու կուլտուրան ամրապնդելու ուղղությամբ։