ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.12.2014 20:12
Խորհրդակցություններ ԼՂՀ ոստիկանությունում
Համաձայն ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2014թ. 2-րդ կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի` սույն թվականի դեկտեմբերի 6-ին ԼՂՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ¸ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը խորհդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության ծառայողների հետ։
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը։
Խորհրդակցության օրակարգը նվիրված էր սեփականության¸ ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների վերլուծությանը։
Մանրամասն ուսումնասիրելով կատարած աշխատանքները և որպես առաջնային ձեռքբերում արձանագրելով դատարաններից լրացուցիչ քննության չվերադարձված քրեական գործերի հանգամանքը¸ ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը գոհունակություն հայտնեց գրանցած ցուցանիշներից` հանձնարարելով առավել հետևողական լինել նախաքննության որակի բարձրացման և քրեական գործերով պետությանն ու քաղաքացիներին պատճառված նյութական վնասները վերականգնելու հարցերում։
Նույն պլանի համաձայն` սույն թվականի դեկտեմբերի 15-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի¸ ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուների հետ։
Օրակարգը ներառում էր «ԼՂՀ ոստիկանության անձնագրային ծառայությունների կողմից կազմված հետախուզական գործերի կազմակերպման գործընթացը»¸ ինչպես նաև «Ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ կատարված աշխատանքների մասին տեղեկանքի քննարկումը»:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ¸ ոստիկանության գնդապետ Գարրի Միրզոյանը։
Առաջացած հարցերի և կատարվելիք միջոցառումների մասին ելույթներ ունեցան նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուները¸ ովքեր հավաստեցին¸ որ ուժեղացված ծառայության արդյունքում այսօր արդեն հաջողել են ամբողջությամբ ճշգրտել ընտրացուցակները։
ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը զեկույցները լսելուց հետո առավել մանրամասն կանգ առավ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցերին` հանձնարարելով շարունակել թափանցիկ գործելաոճը՝ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ ցուցաբերելով հոգածություն և զերծ պահել նրանց ավելորդ քաշքշուկներից։