ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.10.2017 17:59
Ոստիկանության պետի խորհրդակցությունը՝ Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ
Ի կատարումն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթների վերաբերյալ սույն թվականի 2017թ. հոկտեմբերի 16-ին Հանրապետության Նախագահի մոտ անցկացված խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների¸ սույն թվականի հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության անվտանգության համակարգի ամրապնդմանն ու ուժեղացմանն ուղղված խնդիրները հաջողությամբ լուծելու վերաբերյալ Հանրապետության Նախագահի հանձնարարականները¸ ոստիկանության պետը մանրամասն կանգ առավ դրանց անշեղ իրականացման հրամայականին։
Ամենաառաջնային հարթության վրա դասելով հասարակական կարգի և անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները¸ այս գործում առավելագույն արդյունքների հասնելու նպատակով¸ ոստիկանության պետը մանրակրկիտ ուղորդման արժանացրեց ինչպես ճանապարհային ոստիկանության և հասարակական կարգի ապահովման բաժնի¸ այնպես էլ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության և մնացած բոլոր տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին։
«Բազմիցս բարձրաձայնել եմ¸ որ հասարակական անվտանգությունը անշեղ ապահովվելու համար անհրաժեշտ է ստեղծել լիարժեք արդարության մթնոլորտ։ Օրենքի առաջ հավասարության հանրահայտ սկզբունքի ամբողջական կատարմամբ է պայմանավորված մեր պետության ներքին անվտանգությունը¸ այդ թվում հասարակական կարգի և երթևեկության անվտանգության ապահովումը էլ ավելի բարձրացնելու բաղադրիչը»¸ նշեց ոստիկանության պետը։
Նշված խնդիրների կյանքի կոչման համար գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությանը հանձնարարեց ակտիվացնել հասարակության հետ համագործակցությունը՝ գործող «Թեժ գծի»՝ 047.950878 հեռախոսահամարի միջոցով քաղաքացիների ահազանգերով հնարավոր իրավախախտումները¸ այդ թվում հասարակական կարգի և երթևեկության կանոնների խախտումները կանխելու կամ դրանք կատարող անձանց օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու համար։