ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.09.2014 19:21
Ուշադրություն
Հարգելի համերկրացիներ, անդրադառնանք ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի արարքի, որի նկատմամբ ոչ պատշաճ ուշադրության դեպքում կարող ենք անդառնալի վնասներ կրել:
Խոսքը ապօրինի որսի մասին է:
Պետությունը իր համապատասխան լիազոր մարմինների միջոցով հսկողություն է իրականացնում բնությունն ու կենդանական աշխարհը պահպանելու համար և որսի թույլտվություն է սահմանում միայն համապատասխան հետազոտություններ իրականացնելուց հետո, սակայն կան անհատներ, ովքեր որսորդության են դուրս գալիս` անտեսելով, թե տվյալ ժամանակաշրջանում ինչպիսի կործանարար ազդեցություն կարող են թողնել բնությանն ու կենդանական աշխարհին իրենց նախասիրություններին հագուրդ տալով:
Հիշեցնում ենք, որ ապօրինի որսը որպես հանցատեսակ հետապնդվում է քրեական օրենսգրքով ու, հետևաբար, տվյալ արարքը կատարած անձանց նկատմամբ սահմանված պատիժը տուգանքից և կալանքից բացի կարող է հասնել առավելագույնի` չորս տարվա ազատազրկման:
Ապօրինի որսի դեմ պայքարը գտնվում է ԼՂՀ ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ, իսկ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերին խստագույնս հանձնարարված է հետևողական լինել այս հանցատեսակի հայտնաբերման և այն կատարողներին սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցում:
Կոչ ենք անում հետևել օրենքի պահանջներին և սրբորեն պահպանել այն գեղեցկությունը, որը վայելելու շնորհը տրված է բոլոր սերունդներին: